«... թող այս նոր տարին» Պռեգոմեշի նամակը  2021-ին - Pregomesh
Вдохновляйтесь.

«... թող այս նոր տարին» Պռեգոմեշի նամակը 2021-ին

Dec 17, 2020

2020-ը բարդ տարի էր ամբողջ աշխարհի համար, իսկ մեզ` հայերիս համար, անդառնալի: Համաճարակ, տնտեսական ճգնաժամ, արհավիրքներ, որոնց կիզակետը  պատերազմն էր` հազարավոր կորսված կյանքերով ու մասնատված Հայրենիքով։ 

Մի քանի շաբաթից կթևակոխի 2021-ը, սակայն մեր շուրջը դեռ պտտվում է պատերազմի ուրվականը:  Ինչպե՞ս դիմավորել գալիք Ամանորը։ Այո, վիշտն ու ցավը դեռ երկար կմնան մեր հոգում, բայց մենք` հայերս, պարտավոր ենք ելնել ու քայլել։ 

«Պռեգոմեշը» այս տարի, ավանդույթի համաձայն, չի ամփոփելու տարվա իր ձեռքբերումները ու ոչ էլ ներկայացնելու է գալիք հավակնոտ ծրագրերը։ Այսօր մենք ցանկանում ենք մանուկների պես հավատալ, որ Ամանորին հրաշքներն իրականանում են։ Այս տարի երեխաների պես մենք ևս դիմում ենք «Ձմեռ Պապիկին»` մեր ամենանվիրական երազանքներն իրականացնելու աղերսով … 

Սիրելի՛ Կաղանդ Պապ,  

Թող այս նոր տարին ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բերի Հայաստան աշխարհին….

Թող խաղաղության աղավնին բնավորվի հայի ընտանիքում, հոգում ու  հայրենիքում։ Խաղաղություն բեր, որ չլինեն որդեկորույս մայրեր և որբացած մանուկներ, կորսված ճակատագրեր և խոնարհված ալեհեր գլուխներ։ Խաղաղություն բեր, որ յուրաքանչյուր օրն արժևորենք, որ գնահատենք յուրաքանչյուր հերոսի չապրած կյանքի գինը, շնորհակալ լինենք և կատարենք մեր պարտքը նրանց առաջ: 

Թող այս նոր տարին ՍԵՐ ու ՀԱՎԱՏ բերի…

Սեր բեր, որ հայը հային սիրի՛, սիրի՛ մերձավորին, հայրենիքը սիրի՛։ Սեր բեր, որ հարազատների ու սիրելիների միջև այն չպակասի։ Ուժ բեր, որ շարունակենք հավատալ Աստծուն ու ինքներս մեզ։ Անհնար է ծնկի բերել մի ազգի, ում համար սերն ու հավատը հավասարազոր են, ում քահանան մի ձեռքում պահում է խաչը, մյուսում` զենքը:  Այո՛, դա սեր է Աստծու և Հայրենիքի նկատմամբ: 

Թող այս նոր տարին ԿՅԱՆՔ բերի…

Թող այս նոր տարին նոր կյանքեր բերի։ Թող հայ օջախներում նորածին մանկան ճիչեր լսվեն։ Մենք պետք է ապրենք ու շատանանք, մենք այլընտրանք չունենք:   

Թող այս նոր տարին պայքարի ՈՒԺ բերի 

Ուժ ենք խնդրում, որ պայքարենք, պայքարենք ոչ թե դեմ, այլ հանուն, պայքարենք դանդաղ, երկարատև՝ ատամները սեղմած և համբերությամ զինված։ Պետք է գրկենք մեր մի բուռ հողը ու կաթիլ-կաթիլ քրտինքով, միասնությամբ ու համերաշխությամբ առաջ քայլենք։ Պայքարենք հանուն անցյալի, հանուն “հայ մնալու” վսեմ գաղափարի, հանուն հզոր «մենք»-ի ու մեծ Հայրենիքի։ 

Ամանորը կգա… Կգա, որ մանուկները շարունակեն հավատալ Ամանորի հրաշքին։ Կգա, որ մեծերս մի քիչ մանկանանք, գոնե մի պահ դառնանք անհոգ… Կգա, որ բերի մեր բաժին խաղաղությունը, սերն ու հավատը։ Կգա, որ ապացուցի, որ կյանքը շարունակվում է...