Արտադրված է պատմական Հայաստանում - Pregomesh
Être Inspiré

Արտադրված է պատմական Հայաստանում

Sep 07, 2018

Այսօր, ուսումնասիրելով միջազգային նորաձևության միտումները, կանգնում ենք մի հետաքրքիր փաստի առաջ. մինչ 50 կամ 70 տարվա պատմություն ունեցող աշխարհին հայտնի բրենդերը անխնա օգտագործում էին կովկասյան ու միջին ասիական մշակույթներին պատկանող էթնիկ նախշազարդերն ու սիմվոլները, Արևմտյան Հայաստանի երկաթակոփ զարդատուփերում կողպեքների տակ հնանում էր հայկական զարդագործության և նորաձևության հարուստ պատմությունը:

Ժամանակն է թափ տալ փոշին ու միջազգային բրենդերի համար այցեքարտ դարձած նախշազարդերը օգտագործել հայկական հագուստի, զարդեղենի և աքսեսուարների նոր միտումներ թելադրելու համար:

Մենք՝ հայերս, պատրաստ ունենք այն, ինչ դժվարությամբ տրվում է հանրահայտ բրենդերի դիզայներներին: Արդյո՞ք գիտեիք, որ 2017-ին նորաձևության ճիչ հանդիսացող գոտի- պայուսակները Վանում կրում էին դեռ 19-րդ դարում։ Դրանց նմանները կարելի է հանդիպել ժամանակակից բրենդային խանութներում, այդ թվում Pregomesh Favorites -ում: Վանում գոտի-պայուսակները կրում էին ոչ թե կանայք, այլ տղամարդիկ՝ հայ առևտրականները: Գոտի-պայուսակներ պատրաստվում էին կաշվից ու զարդարվում արծաթյա գեղեցիկ դետալներով:

Վերհիշենք Պռեգոմեշի բեսթսելեր դարձած 2016-ի ամառային հավաքածուն՝ զարդարված գույնզգույն բնական քարերով ու հայկական մշակույթի հայտնի նալ դետալով: Պարզվում է, որ Բիթլիսի հայ կանայք ոչ պակաս նորաձև էին, քան այսօրվա հայ կանայք ու աղջիկները և կրում էին հենց նմանատիպ զարդեր:

Երբևիցե ուշադրություն դարձրե՞լ եք հայ տղամարդու տարազում օգտագործվող վառ գունավորմամբ երիզներին։ Այսօր նմանատիպ երիզներով և ձևվածքով բամբակյա ու թավշյա շապիկներ կարելի է հանդիպել Էթրո բրենդի հավաքածուում։ Հետաքրքիրն այն է, որ հայկական մտքի թռիչքը 19-րդ դարում ստեղծել է այնպիսի նմուշներ, որոնք նորաձև պետք է լինեին 2 դար հետո։

Ռեզոնանս ու ձևվածք, գույն ու նախշ` սա այն էր, ինչ տեսանք #Սիրուշոյի Հուհ-Հահ տեսահոլովակում, դա այն է, ինչ կրել են մեր նախնիները: Մի շարք հայ աղջիկների ու տղամարդկանց համար ներկայացվածը նոր էր, բայց ոչ խորթ:

Եվ այսպես. տարազը կարճացավ, ժիլետը երկարեց,  վզնոցի փետուրներն իջեցվեցին գոտկատեղ, երիզները գունավորվեցին, իսկ նախշազարդերն էլ ավելի արտահայտիչ դարձան։ voilà պատրաստ է ոճային հայ աղջկա 21-րդ դարի կերպարը։


Կերպարի մեջ ավելացնենք մի քանի զարդ, ժիլետը փոխարինենք նախշազարդված բաճկոնով՝պատրաստ է 2-րդ կերպարը։

Պռեգոմեշի բոլոր ժամանակների բեսթսելեր Կարին հավաքածուն իր նախատիպն ուներ պատմական Հայաստանում։ Թևնոցը, որ տեսնում եք նկարում, 19-րդ դարի հավաքածուից է, որից ոգենշչված մեր հմուտ արծաթագործները ֆիլիգրանի նուրբ տեխնիկայով ստացել են կնոջ դաստակն ընդգծող եզակի նմուշ։

Պատմությունը լավ ուսուցիչ է, և այն մեզ սովորեցնում է պահպանելով հինը՝ ստեղծել նորը, ավելի ժամանակակիցը, սակայն նույնքան հայկականը:

Mots clés